1916 թվականի գարնանը նրա առողջությունը մի փոքր լավացավ. Կոմիտասը, նույնիսկ, վերսկսեց իր կոմպոզիտորական գործունեությունը` ստեղծելով դաշնամուրային մի քանի պար: Ցավոք, աշնանը նա կրկին ընկավ դեպրեսիայի մեջ, եւ նրան տեղափոխեցին Կոստանդնուպոլսի թուրքական զինվորական հոսպիտալ, իսկ 1919 թվականին` Փարիզի Վիլ-Էվրարի հոգեբուժարան: Այնուհետեւ, 1922 թվականի օգոստոսին Կոմիտասին տեղափոխեցին Վիլ-Ժուիֆ հոգեբուժարան, որտեղ պայմաններն ավելի համեստ էին, իսկ բուժման ծախսերը` քիչ: Այստեղ էլ, 1935 թվականին կոմպոզիտորը կնքեց իր մահկանացուն:Երբ գիտության եւ մշակույթի ութ գործիչների հետ Կոմիտասը վերադարձավ Թուրքիայի հարավից` աքսորից, նա գտնվում էր հոգեբանորեն խիստ ճնշված վիճակում: Կոմպոզիտորի մոտ հիվանդության ախտանիշներ չէին նկատվում, ինչի մասին վկայում է նաեւ նրա հետ աքսորում եղած, ՙԲյուզանդ՚ թերթի խմբագիր Բյուզանդ Քոչյանը: Նրա հավաստմամբ, նույնիսկ ամենածանր պահերին Կոմիտասը նրանց համար հանդիսանում էր հույսի եւ փրկության ՙաղբյուր՚` զարմացնելով իր ֆիզիկական ամրությամբ եւ ուժեղ կամքով:
Սակայն, վերադարձից հետո կոմպոզիտորի մոտ սկսեց նկատվել անկումային վիճակի խորացում: Լուիզ Ֆով-Հովհաննիսյանի կարծիքով, թե` Կոստանդնուպոլսում, թե` Փարիզում Կոմիտասին խաբեությամբ են տեղափոխել հոգեբուժարան: Թուրքական կառավարության իրականացրած կոտորածը տեսնելուց հետո նա ընկնում է հիվանդանոց, որտեղ բուժվում է թուրք բժշկի մոտ… Արդեն իսկ այդ փաստը բավական էր, որպեսզի նրա վիճակը վատթարանար: Ինչպե՞ս կարող էր Կոմիտասը Եղեռնի մասին խոսել թուրքի հետ… Երբ, այսպես կոչված, Օգնության կոմիտեն խաբեց կոմպոզիտորին` ասելով, թե Միջազգային երաժշտական ընկերությունը նրան հրավիրում է Փարիզ` կոնգրեսի, Կոմիտասը շոգենավով ուղեւորվեց Ֆրանսիա: Նույն շոգենավով ճամփորդող Կոմիտասին անծանոթ մի ուսանող կոմիտեի ղեկավարության հանձնարարությամբ խաբեությամբ ուղեկցեց նրան հոգեբուժարան…