Рубрика: Պատմություն

Սևրի պայմանագիր

1920 թ. հունվարի 19–ին Փարիզում տեղի ունեցած՝ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ղեկավարների նիստը դե ֆակտո ճանաչեց Հայաստանի կառավարությունը: Այդ երկար սպասված իրադարձությունը Երևանում տոնվեց մեծ հանդիսավորությամբ: Հայկական հարցը առնչվում էր պատերազմում պարտված Թուրքիայի հետ պայմանագրի մշակման խնդրին: 1920 թ. ապրիլի 19–26–ը Իտալիայի Սան Ռեմո քաղաքում կայացած խորհրդաժողովում վերջնականապես մշակվեց Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի նախագիծը: Այդ կապակցությամբ Սան Ռեմո էին հրավիրվել Ավ. Ահարոնյանը և Պ. Նուբարը: 1920 թ. ապրիլի 23–ին ԱՄՆ–ի կառավարությունը փաստացի ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, իսկ նախագահ Վիլսոնը համաձայնեց ստանձնելու սահմանների որոշման իրավարարի առաքելությունը: Սակայն հունիսի 1–ին ԱՄՆ–ի Սենատը մերժեց Հայաստանի մանդատը: Սան Ռեմոյի խորհրդաժողովի որոշումները դրվեցին 1920 թ. օգոստոսի 10– ին Փարիզի արվարձան Սևրում Թուրքիայի հետ ստորագրված խաղաղության պայմանագրի հիմքում: Գլխավոր դաշնակից տերությունների հետ միասին պայմանագիրը ստորագրեց նաև Հայաստանը: Սևրի պայմանագրով Թուրքիան Հայաստանը ճանաչում էր ազատ և անկախ պետություն: Սահմանի վերջնական որոշումը հանձնարարվում էր ԱՄՆ նախագահին, իսկ կողմերը պարտավորվում էին անվերապահորեն ընդունելու միջնորդական իրավարար վճիռը: Այսպիսով, կարծես իրականանում էր հայ ժողովրդի դարավոր երազանքը՝ մեծ ցանկությունը: Իր արդարացի լուծումն էր ստանում Հայկական հարցը, ստեղծվում էր Միացյալ և Անկախ Հայաստան: Սևրի պայմանագիրը, ցավոք, չվավերացվեց՝ մնալով որպես չիրագործված միջազգային փաստաթուղթ: Գլխավոր պատճառն այն էր, որ պայմանագիրը ստորագրած Թուրքիայի սուլթանական կառավարությունը երկրում այլևս չուներ փաստական իշխանություն. այն պատկանում էր Մուսթաֆա Քեմալի գլխավորած Անկարայի կառավարությանը: Վերջինս ոչ միայն չճանաչեց Սևրի պայմանագիրը, այլև դիմեց դիվանագիտական և ռազմական բոլոր միջոցներին այն տապալելու համար: Այդուհանդերձ, 1920 թ. նոյեմբերի 22–ին ԱՄՆ նախագահ Վիլսոնը հրապարակեց իր իրավարար վճիռը հայ–թուրքական սահմանագծի վերաբերյալ: Ըստ դրա՝ Միացյալ Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի նահանգների կեսը, գրեթե ամբողջ Էրզրումի նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը ներառյալ նավահանգիստը: Ընդհանուր առմամբ այդ տարածքը կազմելու էր ավելի քան 90 հազար քառ. կմ: Միավորվելով գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության հետ, որի տարածքը 1920 թ. կեսերին կազմում էր շուրջ 70 հազար քառ. կմ, հայկական անկախ և միացյալ պետությունը ստեղծվելու էր ավելի քան 160 հազար քառ. կմ. ընդհանուր տարածքի վրա` միաժամանակ ելք ունենալով դեպի Սև ծով: Ինչպես Սևրի պայմանագիրը, այնպես էլ նրանից բխող՝ հայ–թուրքական սահմանի վերաբերյալ Վիլսոնի իրավարար որոշումը չիրագործվեցին: Այդուհանդերձ, դրանք Արևմտյան Հայաստանի նկատմամբ հայ ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչումն էին:

Ճանապարհները, որոնցով Թուրքիան խուսափեց Սևրի պայմանագրի իրագործումից…

Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդին տրամադրել բավարար տարածք։

Սակայն Սևրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա։ Այն չվավերացրեց նույնիսկ սուլթանական կառավարությունը։ Քեմալականները դիմեցին դրա հաստատումը կանխող բոլոր միջոցներին և որպես առաջին քայլ նոր արշավանք սկսեցին Հայաստանի Հանրապետության դեմ՝ այն ոչնչացնելու մտադրությամբ։ Հաջորդ տարվա ընթացքում քեմալականները, օգտվելով միջազգային նոր իրադրությունից, որը ստեղծվել էր Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցման հետևանքով, հասան Սևրի հաշտության պայմանագրի վերանայմանը և, փաստորեն, նրա վերացմանը։ Դա իր արտահայտությունը գտավ 1923 թ. Լոզանի պայմանագրում: Դաշնակիցները ճանաչեցին Մուստաֆա Քեմալի Անկարայի կառավարությունը և նրա իրավունքը Արևելյան Թրակիայի, Իզմիրի, Կիլիկիայի նկատմամբ, բոլոր այն տարածքների, որոնք անցել էին Հայաստանին Սևրի հաշտության պայմանագրով։ Ավելին՝ նրանք ճանաչեցին Թուրքիայի նոր սահմանները, որոնք ընդգրկում էին Արևելյան Հայաստանի նախկին շրջանները՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s