Ցիտոպլազմը բջջի հիմնական բաղադրամասն է ու նրա կիսահեղուկ ներքին միջավայրը։ Ցիտոպլազմն անօրգանական աղերի և տարբեր օրգանական նյութերի ջրային լուծույթ է։ Նրանում գերակշռում են սպիտակուցները։ Ցիտոպլազմի բաղադրությունը հարաբերականորեն կայուն է, թեև ցիտոպլազմի և բջջի շրջակա միջավայրի միջև անընդհատ տեղի է ունենում նյութերի փոխանակություն, իսկ ցիտոպլազմում շարունակվում են քիմիական նյութերի փոխարկումները։ Ցիտոպլազմում կարող են կուտակվել տարբեր նյութեր, օրինակ՝ գունակներ (պիգմենտներ), սպիտակուցային մասնիկներ կամ պահեստային սննդանյութեր։ Դրանք կոչվում են ներառուկներ, որոնք ոչ մշտական կառուցվածքներ են և, ի տարբերություն օրգանոիդների, առաջանում, այնուհետև ծախսվում բջջի կենսագործունեության ընթացքում։
Որոշ բջիջների ցիտոպլազմին բնորոշ է սպիտակուցային թելիկների խրձերի և միկրոխողովակների առկայությունը, որոնք կազմավորում են բջջակմախքը։
