Հայաստանի Հանրապետության տարածքում ուղղաձիգ ուղղությամբ հերթափոխվում են հետևյալ հինգ վերընթաց լանդշաֆտային գոտիները՝ անապատակիսաանապատային, լեռնատափաստանային, լեռնանտառային, մերձալպյան ու ալպյան և ձյունամերձ։
Անապատակիսաանապատային
Անապատակիսաանապատային լանդշաֆտների գոտին առաջացել է գոգավոր ռելիեֆի պատճառով ձևավորված չոր, խիստ ցամաքային կլիմայի պայմաններում և տարածված է Արարատյան ու Վայքի գոգավորություններում։ Այս գոտում անապատային լանդշաֆտները տարածված են կղզյակներով և առանձին համատարած գոտի չեն առաջացնում։ Այստեղ են տարածվում աղուտները։ Անապատակիսաանապատային գոտին զբաղեցնում է հանրապետության տարածքի 10%-ը, այն ջերմասեր մշակաբույսերի տարածման հիմնական շրջանն է։
Կիսաանապատային լանդշաֆտներն ընդարձակ գոտի են կազմում նածալեռներում՝ 800-1400 մ բարձրություններում, որտեղ տարեկան տեղումների քանակը 230-300 մմ է։ Տիրապետում են լեռնային գորշ հողերը, որոնց մի մասը «ղռեր» են։ Մշակվող տարածքներում հողերը բարելավվել և դարձել են կուլտուր-ոռոգելի։ Գարնանային անձրևների շրջանում կիսաանապատը ծածկվում է կարճակայաց բուսականությամբ, որն ամռանը չորանում է։ Գերակշռողը օշանաօշինդրային, իսկ ժայռոտ տեղամասերում՝ լեռնաչորասեր բուսականությունն է։ Կենդանական աշխարհում տիրապետող են սողունները և բազմազան միջատները։ Այս գոտում տարածված թռչուններից են օձակեր բազեն, արագիլը և լորը։ Կենդանիներից հաճախ հանդիպում են աքիսը և համստերը, իսկ շամբուտներում՝ վարազը և եղեգնակատուն։
Լեռնատափաստանային
Լեռնատափաստանային լանդշաֆտները ՀՀ տարածքում ամենամեծ տարածումն ունեն։ Առանձնանում են երկու լանդշաֆտային ենթագոտի՝ չոր լեռնատափաստանային և սևահողային տափաստանային։
Չոր լեռնատափաստանային ենթագոտին ձգվում է հիմնականում Արարատյան և Վայքի նախալեռներով՝ մինչև 1800 մ բարձրությունները։ Կլիման տաք է, չորային։ Տեղումները նախորդ գոտու համեմատությամբ քիչ ավելին են։ Չոր լեռնատափաստանները հանրապետության հյուսիս-արևելքի և Զանգեզուրի նախալեռներում, վարելահողերի ընդարձակման ու բնափայտի մթերման նպատակով մարդու դարավոր ներգործության արդյունքում առաջացած հետանտառային լանդշաֆտներ են։ Դրանք ձևավորվել են մերձարևադարձային՝ չափավոր տաք և մեղմ ձմեռներով կլիմայի պայմաններում։ Այս լանդշաֆտները զբաղեցնում են հանրապետության տարածքի մոտ 15%-ը։ Այս ենթագոտին հյուսիս-արևելքում ու Զանգեզուրում նպաստավոր է մերձարևադարձային բույսերի, իսկ Արարատյան դաշտում և Վայոց ձորում՝ պտղաբուծության, հացահատիկի, ծխախոտի և տեխնիկական այլ բույսերի մշակման համար։
Սևահողային տափաստանների ենթագոտին ձգվում է չոր լեռնափաստաններից բարձր՝ մինչև 2000-2400 մ բարձրությունները՝ զբաղեցնելով հանրապետության տարածքի մոտ 25%-ը։ Սևահողային տափաստանները հիմնականում ձևավորվել են լավային սարավանդներում և բարձրադիր գոգավորությունների հատակին։ Այս ենթագոտին բնութագրվում է տաք ամառով և ցուրտ ձմեռով, տեղումների տարեկան քանակը հասնում է 600-700 մմ-ի։ Լեռնային համեմատաբար մեղմ կլիմայի պայմաններում օրգանական նյութերի քայքայումը հողում մինչև վերջ չի կատարվում։ Դա նպաստում է հումուսի ավելացմանը։ Տիրապետում է փետրախոտային և սիզախոտային տիպիկ տափաստանային բուսականությունը։ Գոտու վերին սահմանին մոտ՝ համեմատաբար խոնավ վայրերում, ձևավորվում են մարգագետնային տափաստաններ։
Կենդանական աշխարհը հարուստ է ու բազմազան․ շատ են կրծողներն ու թռչունները։ Սևահողային տափաստանները ՀՀ-ում հացահատիկի մշակման գլխավոր շրջանն են։
Լեռնանտառային
Լեռնանտառային լանդշաֆտները զբաղեցնում են հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանները՝ Փոքր Կովկասի լեռնային համակարգի հիմնականում հողմակողմ լանջերը։ Դրանք կազմում են ՀՀ տարածքի մոտ 10%-ը։ Հյուսիսարևելյան՝ համեմատաբար խոնավ շրջաններում անտառի վերին սահմանը հասնում է մինչև 2000 մ, իսկ հարավ-արևելքում՝ Զանգեզուրում՝ մինչև 2400 մ բարձրություն։
Լեռնանտառային գոտու կլիման այլ գոտիների համեմատությամբ մեղմ է․ ձմեռը չափավոր ցուրտ է, ձնառատ, իսկ գարունը՝ զով և խոնավ։ Ամառը տաք է, արևոտ եղանակներով, աշունը՝ մեղմ։ Տեղումների տարեկան քանակը 600-700 մմ է։
Մերձալպյան ու ալպյան
Մերձալպյան ու ալպյան լանդշաֆտները հանրապետության հյուսիսում սկսվում են 1900-2000 մ, իսկ հարավում՝ 2400 մ բարձրություններից։ Դրանք ձևավորվել են ցածր ջերմաստիճանների և համեմատաբար առատ խոնավության պայմաններում։ Այս գոտում շուրջ կես տարի ձմեռ է, իսկ ամառը կարճ է ու զով։ Բարձր է Արեգակի ճառագայթային էներգիայի ինտենսիվությունը, ինչը նպաստում է ցերեկվա ընթացքում գետնի արագ և ուժեղ տաքացմանը։
Ձյունամերձ լանդշաֆտներ
Ձյունամերձ լանդշաֆտները տարածվում են բարձր լեռների գագաթային մասերում՝ 3500 մ-ից վեր(Արագած, Կապուտջուղ և այլն)։ Այդտեղ տիրապետող են մերկ ժայռերը, ձյան բծերն ու եռանդուն սառնամանիքային հողմահարումը։ Բուսածածկույթ չի գոյանում։ Ամենուրեք քարացրոններ են, ավազ ու «պարզագույն հողեր»։