Ի՞նչ է նշանակում «մագնիս» բառը:
Մագնիսը մագնիսական դաշտ ստեղծելու հատկություն ունեցող մարմին է, երկաթահանքի կտոր, որ երկաթյա և պողպատյա իրերը դեպի իրեն ձգելու և իրենից վանելու հատկություն ունի: Մագնիս նշանակում է «Մագնեսիայից բերված քար»:
Ո՞րն է բնական մագնիսը:
Բնական մագնիսները մագնիսական երկաթաքարի՝ մագնետիտի կտորներ են:
Ինչպե՞ս են ստանում արհեստական մագնիսներ:
Արհեստական մագնիսներ ներկայումս ստանում են երկաթի, նիկելի և կոբալտի համաձուլվածքից:Արհեստական մագնիսներին հատուկ ձև են տալիս և հաճախ ներկում երկու գույնով:
Ի՞նչն են անվանում մագնիսական բևեռներ:
Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ:
Ինչպե՞ս են փոխազդում մագնիսների բևեռները:
Մագնիսի տարանուն բևեռները ձգում են միմյանց, նույնանունները՝ վանում:
Ինչպե՞ս կարելի է մագնիսական սլաքի օգնությամբ որոշել մագնիսացած պողպատե ձողի բևեռները:
Եթե մագնիսացած պողպատե ձողին մոտեցնենք մագնիսական սլաքը, ապա սլաքի հյուսիսային բևեռը կձգվի դեպի ձողի հարավային բևեռը և կվանվի ձողի հյուսիսային բևեռի կողմից:
Ինչի՞ ազդեցությամբ է կողմնացույցի սլաքը ուղղորդվում որոշակի ուղղությամբ: Ո՞ր կողմն է այն ցույց տալիս:
Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռ նշված ծայրը ուղղված է լինում դեպի հյուսիս, իսկ հարավային նշված ծայրը դեպի հարավ:
Որտե՞ղ են կիրառվում մագնիսները:
Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին լայն է։ Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, հեռախոսներում, բարձրախոսներում։ Դրանք կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, բժշկության մեջ, կենցաղում։
Ինչու՞ է բնության մեջ գոյություն ունեցող մագնիսական երկաթաքարը մագնիսացած լինում: Ի՞նչն է նրան մագնիսացրել:
Շնորհիվ մագնիսական դաշտի, քարը օժտվում է մագնիսական հատկություններով:
Ի՞նչն են անվանում մագնիսական դաշտ:
Մագնիսի կողմից ստեղծվող հատուկ դաշտն անվանում են մագնիսական դաշտ: Այն մատերիայի առանձնահատուկ տեսակ է, որը տարբերվում է նյութից և իր շուրջը գոյություն ունեցող մագնիսացած մարմիններից: Մագնիսների, ինչպես նաև մագնիսի և երկաթի փոխազդեցությունը իրականացվում է մագնիսական դաշտի միջոցով: