Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն, Խորհրդային Միություն, ԽՍՀՄ (այլ անվանումներ Սովետական Միություն, ՍՍՀՄ, Սովետ և այլն,
նախկին սոցիալիստական պետություն Եվրասիայում, կազմավորվել է 1922 թվականի դեկտեմբերի 30-ին, փլուզվել 1991 թվականի դեկտեմբերի 26-ին։ Համարվել է փաստացի ինքնիշխան խորհրդային պետությունների միություն։ Մայրաքաղաքը եղել է Մոսկվան։
ԽՍՀՄ կազմավորման հռչակագրի մեջ նշվում է, որ միությունը կառուցված է ազգերի ինքնորոշման սկզբունքով։ Շեշտվում էր նաև, որ նրանցից յուրաքանչյուրն ունի իրավունք դուրս գալու ԽՍՀՄ-ի կազմից։ Իրականում որոշումները կայացնում էին իշխանության կենտրոնական մարմինները։
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ 1985–1991
1985 թվականի մարտին, Կոնստանտին Չերնենկոյի մահվանից հետո, երկրի իշխանության գլուխ կանգնեց Միխայիլ Գորբաչովը: 1985–1986 թվականներին Գորբաչովի ու կառավարությունում նրա համախոհների կողմից իրականացվեց սոցիալ-տնտեսական զարգացման արագացման քաղաքականություն, որը հանգում էր գոյություն ունեցող սոցիալիստական համակարգի առանձին վերցրած թերությունների խոստովանությանը և դրանք փորձելով վերացնել որոշ վարչական բնույթի խոշոր գործընթացներով (անաշխատ եկամուտների դեմ պայքար, հակաալկոհոլային արշավ և այլն):
1987 թվականի հունվարին տեղի ունեցած լիակազմ ժողովից հետո, երկրի ղեկավարության կողմից սկսվեցին առավել արմատական բարեփոխումներ: Փաստացի, նոր պետական գաղափարախոսություն հայտարարվեց վերակառուցումը` տնտեսական և քաղաքական բարենորոգումների միագումարը, որի արդյունքում երկրի հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքը կտրականապես դարձավ անկայուն, քայքայվեց խորհրդային կարգը, անցում կատարվեց կապիտալիզմի, որն էլ հանգեցրեց ԽՍՀՄ-ի փլուզմանը:
1989 թվականի երկրորդ կեսին, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների առաջին համագումարից հետո, վերակառուցման շրջանակներում կտրուկ սրվեց քաղաքական ուժերի դիմակայությունը: Նրանց մի մասը ելույթներ էր ունենում սոցիալիստական զարգացման ուղին բռնելու համար, իսկ մյուս մասը երկրի ապագան տեսնում էր կապիտալիզմի սկզբունքներով կյանքը կարգավորելու մեջ: Տարբեր կարծիքներ կային նաև ԽՍՀՄ-ի ապագա դիմագծի, միութենական և հանրապետական, ինչպես նաև պետական իշխանության և կառավարության փոխհարաբերությունների վերաբերյալ:
ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՈՒՄ 1990–1991
Միխայիլ Գորբաչովի կողմից իրականացվող վերակառուցման քաղաքականությունը բերեց քաղաքական և տնտեսական ոլորտներում երկրի կառավարումը կորցնելուն, ներքաղաքական դրության կտրուկ սրմանը, մի շարք ազգամիջյան բախումների, Վարշավյան դաշինքի և Տնտեսական փոխօգնության խորհրդի (ՏՓԽ, СЭВ) փլուզման, խորհրդային հանրապետությունների անկախության ձգտումների, Բելովեժյան համաձայնագրի ստորագրման` Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ) ստեղծելու վերաբերյալ և վերջնական արդյունքում` ԽՍՀՄ-ի գործունեության դադարեցման:
1987 թվականին ԽՍՀՄ տարածքում բռնկվեցին մի շարք ազգամիջյան բախումներ, որոնցից առավել սուր կերպով արտահայտվեցին Ղարաբաղյան բախումները: 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը, Ադրբեջանական ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում, տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ (տես` Սումգայիթի ջարդեր): Նույն թվականի նոյեմբերին ջարդեր կազմակերպվեցին Կիրովաբադում (տես` Գանձակի ջարդեր և Գանձակի ինքնապաշտպանություն (1988)) և այլ քաղաքներում: Այդ նույն` 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայկական ԽՍՀ-ում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, խլեց ավելի քան 25000 մարդու կյանք (տես` Սպիտակի երկրաշարժ): 1989 թվականին Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհուրդը հայտարարեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու մասին: Ադրբեջանական ԽՍՀ-ն սկսեց շրջափակման ենթարկել Հայաստանին: 1991 թվականին, երկու միութենական հանրապետությունների միջև սկսվեց պատերազմ (տես` Արցախյան ազատամարտ):
1989 թվականին փլուզվեցին Վարշավյան դաշինքն ու ՏՓԽ-ն: 1990 թվականի ապրիլի 3-ին ԽՍՀՄ գերագույն խորհուրդը ընդունեց հատուկ օրենք, որը վերահսկում էր ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալը: Նույն թվականի դեկտեմբերի 3-ին, ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը բարձրացրեց ԽՍՀՄ-ը Ինքնիշխան Պետությունների Միության վերակազմավորելու հարցը, որն իր կածիքով միութենական հանրապետություններին լայն հնարավորություններ և իրավունքներ կտար:
1991 թվականի մարտի 17-ին տեղի ունեցավ ԽՍՀՄ-ը պահպանելու վերաբերյալ համամիութենական հանրաքվե, որին մասնակցած միութենական հանրապետությունների քաղաքացիների 77,85%-ը կողմ էին արտահայտվել` պահպանել ԽՍՀՄ-ը, որպես իրավահավասար ինքնիշխան հանրապետությունների թարմացված միություն` սոցիալիստական կարգերի պահպանմամբ:
1991 թվականի օգոստոսի 18-ի լույս 19-ի գիշերը, խորհրդային կառավարության պահպանողական տրամադրություններ ունեցող մի շարք անդամներ, որոնք ելույթներ էին ունենում ԽՍՀՄ փլուզման և կապիտալիզմին անցնելու դեմ, Պետանվտանգության ուժերի օգնությամբ շրջափակեցին Գորբաչովին` Ֆորոսում գտնվող կառավարական նստավայրում, որտեղ նա ընտանիքով հանգստանում էր և կազմավորեցին Արտակարգ դրության պետական կոմիտե (ԱԴՊԿ, ГКЧП): Այդ կոմիտեի կազմի մեջ մտան ԽՍՀՄ փոխնախագահը, ԽՍՀՄ պաշտպանության նախարարը, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարը, ԽՍՀՄ վարչապետը, ԽՍՀՄ պետանվտանգության նախագահը և այլք: Զորք մտցվեց Մոսկվա, Կենտրոնական հեռուստատեսության «Ժամանակ» լրատվական հաղորդման ընթացքում ընթերցվեց ԱԴՊԿ-ի որոշումը` ԽՍՀՄ գործող Սահմանադրության պահպանման և հակասահմանադրական տրամադրությունների բոլոր ձևաչափերի հատման մասին: Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը, ով գլխավորում էր ընդդիմությունը, ԱԴՊԿ-ի անդամների գործողությունը որակեց որպես պետական հեղաշրջման փորձ (путч): Երկու քաղաքական ուժերի դիմակայությունը հանգեցրեց Մոսկվայում զանգվածային ցույցի` ի աջակցություն Ելցինին: ԱԴՊԿ-ի ղեկավարության ընդհանուր անվճռականությունը հանդիսացավ նրանց պարտության և ինքնալուծարման պատճառ, որի արդյունքում նրանք ձերբակալվեցին, սակայն 1994 թվականին, ԽՍՀՄ փլուզումից հետո արժանացան համաներման:
ԱԴՊԿ-ի պարտությունից հետո, 1991 թվականի օգոստոսի 24-ին, Ուկրաինական ԽՍՀ-ի գերագույն խորհուրդը հայտարարեց Ուկրաինայի անկախությունը, որը հաստատվեց համաուկրաինական հանրաքվեով` 1991 թվականի դեկտեմբերի 1-ին: Նույն թվականին ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու մասին հերթականությամբ հայտարարեցին նաև մյուս միութենական հանրապետությունները:
1991 թվականի դեկտեմբերի 8-ին, ԽՍՀՄ երեք հանրապետությունների (Ռուսաստան, Ուկրաինա և Բելառուս) ղեկավարներ Բորիս Ելցինը, Լեոնիդ Կրավչուկը և Ստանիսլավ Շուշկևիչը, ստորագրեցին համաձայնագիր, որում հայտարարությամբ հանդես եկան ԽՍՀՄ գործունեության դադարեցման և ԱՊՀ-ի ստեղծման վերաբերյալ: 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, Ալմա-Աթայում կայացավ նախագահների հանդիպում, որտեղ ԱՊՀ-ին միացան ևս ութ հանրապետություն` Ադրբեջանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:
1991 թվականի դեկտեմբերի 25-ին Գորբաչովը հայտարարեց ԽՍՀՄ նախագահի պաշտոնում իր լիազորությունների դադարեցման մասին: Դեկտեմբերի 26-ին, ԽՍՀՄ գերագույն խորհրդի հանրապետությունների խորհուրդը ընդունեց որոշում` ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին, այդպիսով պաշտոնապես լուծարելով ԽՍՀՄ-ը: