Գոյության կռիվ
«Գոյության կռիվ» ասելով հասկանում ենք բարդ և բազմազան հարաբերություններ տեսակի ներսում առանձնյակիների միջև, տարբեր տեսակների առանձնյակների միջև, ինչպես նաև առանձնյակների և անօրգանական աշխարհի միջև։
Դարվինը գտնում էր, որ գոյության կռիվը ոչ թե առանձին էվոլյուցիոն գործոն է, այլ նախադրյալ է բնական ընտրության համար։ Բոլոր կենդանի օրգանիզմները տալիս են բազմաքանակ սերունք, սակայն բնության մեջ օրգանիզմների անկառավարելի աճ երբեք չի դիտվում։ Գոյություն ունեն օրգանիզմների թվաքանակը կարգավորող և սահմանափակող բազմաթիվ գործոններ։ Դրանցից են՝ բնակլիմայական պայմանները, գոյության կռիվը՝ ինչպես տեսակի ներսում, այնպես էլ տարբեր տեսակների միջև։
Դարվինն առաջինը հասկացավ գոյության կռվի նշանակությունը էվոլյուցիայի համար։ Գոյության կռվի հիմնական պատճառը տեսակների թվաքանակի հնարավոր անսահմանափակ աճի և միջավայրի պայմանների, պաշարների միջև եղած անհամապատասխանությունն է։
Գոյության կռվի ձևերը
Դարվինը տարբերում էր գոյության կռվի երեք հիմնական ձևեր՝ ներտեսակային, միջտեսակային և կռիվ անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ։
Ներտեսակային գոյության կռիվ
Ներտեսակային գոյության կռիվը տեղի է ունենում նույն տեսակին պատկանող առանձնյակների միջև։ Գոյության կռվի այս ձևը ամենատարածվածն է, քանի որ նույն տեսակի առանձնյակները միջավայրի պայմանների նկատմամբ նույն պահանջներն ունեն։ Ներտեսակային գոյության կռվի օրինակ է մրցակցությունը միևնույն տեսակի առանձնյակների միջև ապրելատեղի, սննդի համար, մրցակցություն էգին տիրանալու համար։ Օրինակ, նույն տեսակին պատկանող թռչունների և կաթնասունների արուները բազմացման շրջանում պայքարի մեւ են մտնում միմյանց հետ՝ էգին տիրանալու հնարավորության համար։ Փշատերև նույնատարիք անտառում ամենաբարձր ծառերը լայն փռված սաղարթներով կլանում են արեգակի ճառագայթների հիմնական զանգվածը և արագ աճում։ Զարգացած արմատային համակարգի միջոցով ծառերը հողից վերցնում են ջուր և նրա մեջ գտնվող հանքային աղերը, հզորանում և ճնշում են մյուս ծառերի աճը՝ ընդհուպ մինչև նրանց լրիվ չորացում և անհետացում։
Տեսակի ներսում առանձնյակների թվաքանակի չափազանց մեծանալու դեպքում ներտեսակային գոյության կռիվը սրվում է, առանձնյակների պտղաբերությունը՝ ընկնում, առաջանում են համաճարակներ, արդյունքում՝ թվաքանակը փոքրանում և կարգավորվում է։ Ներտեսակային գոյության կռիվը նպաստում է տեսակների կատարելագործմանը, հարմարվածության աստիճանի բարձրացմանը այն գործոնների նկատմամբ, որոնք հարուցում են կռվի այս ձևը։
Միջտեսակային գոյության կռիվ
Միջտեսակային գոյության կռիվը տեղի է ունենում տարբեր տեսակների պոպուլյացիաների միջև։ Այն ավելի սուր է ընթանում, եթե տեսակները միևնույն ցեղին են պատկանում և միատեսակ պայմանների կարիք ունեն։ Միջտեսակային գոյության կռվի օրինակները բազմաթիվ են։ Դրանք գիշատչի և զոհի, միջատների և միջատակեր թռչունների, մշակովի բույսերի և մոլախոտերիի միջև գոյություն ունեցող փոխհարաբերություններն են։
Կռիվ անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ
Անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ ընթացող գոյության կռվին Դարվինը մեծ դեր էր հատկացնում։ Այդ կռիվը նկատվում է տեսակի արեալի ցանկացած մասում՝ կապված արտաքին պայմանների փոփոխման հետ։ Դարվինը նշում էր, որ, օրինակ, Անգլիայում խիստ ձմռան պատճառով ոչնչացան թռչունների մոտ 80%-ը։ Ջերմության կամ խոնավության տատանումները լուրջ ազդեցություն են ունենում պոպուլյացիայի առանձնյակների վրա։ Ձմեռային քուն մտնող շատ կենդանիներ՝ երկկենցաղներ, սողուններ, կրծողներ, սակավաձյուն ձմռանը կարող են ցրտահարվել, ոչնչանալ։ Ձմռանը ջրում լուծված թթվածնի պակասից ջրավազաններում ոչնչանում են ձկները։ Լեռներում կլիմայական անբարենպաստ պայմանների դեպքում հանդիպում են հյուծված ծառեր և թփեր, թեև նրանց այլ բույսեր չեն ճնշել։ Անապատներում ապրող բույսերի տերևները ձևափոխվել են փշերի, արմատները երկարել և այլն։












