Рубрика: Պատմություն

Արցախյան պատերազմ

Արցախյան պատերազմ

1991 թ. վերջից գնալով ավելի էր ուժգնանում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան: Անընդհատ ռմբակոծության թիրախ դարձան մայրաքաղաք Ստեփանակերտը և շրջակա հայկական բնակավայրերը: ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ձեռնամուխ եղան հակառակորդի կրակակետերի ոչնչացմանը: Այդ առումով կարևոր նշանակություն ունեցավ 1992 թ. հունվարին Կրկժանի ազատագրումը, որն ադրբեջանցի գրոհայինների ռազմական հենակետերից մեկն էր: Փետրվարի վերջին վերացվեց նաև Խոջալուի ռազմական խմբավորումը: Վերականգնվեց Ստեփաանակերտ – Ասկերան մայրուղու բնականոն գործունեությունը: Աշոտ Ղուլյանի (Բեկոր) գլխավորությամբ հայ ազատամարտիկները մոտեցան օդանավակայանին: Վիճակը շտկելու համար Ադրբեջանի Ժողովրդական ճակատը կազմակերպեց Խոջալուի մահմեդական բնակչության (հիմնականում ՝ ադրբեջանցիներ) կոտորածը ՝ փորձելով այն վերագրել հայկական կողմին: Խոջալուն ադրբեջանցիների առաջին պարտությունն էր:

Շուշիի ազատագրումը

Ստեփանակերտի խաղաղ բնակչության ռմբակոծումը երկու տարի շարունակ կատարում էին Շուշի քաղաքից: Մայրաքաղաքը կաթվածահար վիճակում էր: Բնակչությունը հիմնականում գտնվում էր ապաստարաններում: Մշակվեց Շուշիի ազատագրման խիստ գաղտնի ծրագիրը, որը կոչվեց «Հարսանիք լեռներում»: 1992 թվականի մայիսի 9-ին Արցախի ազատամարտիկները, Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հրամանատարությամբ, ազատագրեցին հայոց պատմական Շուշի քաղաքը: Շուշիի ազատագրումը հայ ազատամարտիկների հավաքական ուժերի (շուրջ 60 ջոկատ) անձնուրաց գործողությունների արդյունք էր: Շարունակելով առաջխաղացումը ՝ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը 1992 թվականի մայիսի 18-ին ազատագրեցին Լաչինը: Լաչինը դարձավ մարդասիրական միջանցք ՀՀ – ի և ԼՂՀ – ի միջև, որտեղով սնունդ, վառելանյութ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ էին առաքվում արցախահայությանը: Ագրեսորը ՝ Ադրբեջանը, չհաշտվեց պարտության հետ և 1992 թվականի ամռանը օտարերկրյա վարձկանների օգնությամբ հարձակվեց ԼՂՀ հյուսիսային շրջանների վրա: Թշնամին գրավեց ու ավերեց Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի մի մասը: ԼՂՀ – ում ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ) ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: ՊՊԿ – ն հսկայական աշխատանք կատարեց. նա ոչ միայն կազմակերպեց արցախահայության ինքնապաշտպանությունը, այլև իր ձեռքում կենտրոնացրեց ԼՂՀ գործադիր իշխանությունը: Հենց ՊՊԿ – ի ջանքերով կազմավորվեց ԼՂՀ մարտունակ բանակը: 1993 թվականի գարնանը Արցախի ինքնապաշտպանական ուժերն սկսեցին ազատագրել ադրբեջանցիների կողմից բռնազավթված հայկական տարածքները: Ազատագրվեց Մարտակերտի շրջանի զգալի մասը: Պաշտպանական նպատակ էր հետապնդում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կողմից Քելբաջարի, Ֆիզուլու, Ջաբրաիլի, Աղդամի շրջանների ազատագրումը: Արցախյան պատերազմում հերոսաբար զոհվեցին Մոնթե Մելքոնյանը (Ավո), Աշոտ Ղուլյանը (Բեկոր), Շահեն Մեղրյանը, Լեոնիդ Ազգալդյանը և ուրիշներ: ԼՂՀ ռազմական հաջողությունները կարևոր նշանակություն ունեցան: Համոզվելով, որ զինված ճանապարհով չի կարող ընկճել արցախահայությանը ՝ Ադրբեջանը 1994 թվականի մայիսի 12 – ին ՌԴ և Մինսկի խմբի ակտիվ ջանքերով հարկադրված զինադադար կնքեց:

Շուշիի ազատագրման օրը, 1992 թ․
Рубрика: Կենսաբանություն

Բնական ընտրություն, օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին

Բնական ընտրություն

Բնական ընտրություն է կոչվում այն գործընթացը, որի հետևանքով գոյատևում և իրենցից հետո սերունդ են թողնում տվյալ պայմաններում առավելապես օգտակար ժառանգական փոփոխություններ ունեցող առանձնյակները։ Բնական ընտրությունը միշտ ուղղորդված բնույթ ունի․ այն կատարելագործում է առանձնյակի հարմարվածությունները գոյության տվյալ պայմանների նկատմամբ։

Սերնդից սերունդ գերազանցապես պահպանվում են միջավայրի որոշակի պայմաններում օգտակար ժառանգական փոփոխություններով օժտված առանձնյակները, որոնք էլ իրենցից հետո բեղուն սերունդ են թողնում։ Ընդհակառակը՝ միևնույն պայմաններում վնասակար ժառանգական փոփոխություններ ունեցող առանձնյակներն ավելի ու ավելի սակավաթիվ ու թույլ սերունդ են տալիս։

Օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին

Դարվինը նշում է, որ բնական ընտրությունը փոփոխության ենթարկվաշ կենդանիների կողմից գիտակցական ընտրություն չէ։ Միջավայրի պայմաններն են ընտրող գործոնի դեր կատարում։ Բնական ընտրության ընթացքում հաճախ գոյատևում են ոչ թե ամենաուժեղները, այլ առավել հարմարվածները։ Օրինակ, օվկիանոսային քամոտ կղզիներում անթև միջատները պահպանվում, գոյատևում են, մինչդեռ թևավոր միջատներին քամին քշում, տանում է դեպի ծով ու ոչնչացնում։ Դարվինն այդ նկատել է համբարձման կղզու վրա, որը բոլոր կողմերից քամիների համար բաց է և ոչ մի ծառ չկա։ Նույն բանը նա նկատել է նաև Կերգելեն կղզում, որտեղ համարյա բոլոր բույսերը գետնատարած են աճում, իսկ ամենաբարձրը հազիվ 1 մ-ի է հասնում։ Բարձր կամ թույլ արմատներով բույսերն այստեղ ոչնչանում էին բազմադարյան ընտրության ընթացքում։ Հետևաբար բնական ընտրության հետևանքով գոյատևում են միջավայրի կոնկրետ պայմաններին ավելի հարմարվածները։ Գիտնականներն առանձնացնում են բնական ընտրության հիմնականում երկու ձև՝ շարժական և կայունացնող։

Շարժական ընտրություն

Պոպուլյացիայում առանձնյակների նախկին հատկանիշների փոփոխությունը արտաքին միջավայրի պայմանների փոփոխման հետևանքով կոչվում է շարժական ընտրություն։ Բնական ընտրության շարժական ձևը գործում է արտաքին միջավայրի պայմանների փոփոխման դեպքում։ Ընտրության այս ձևը նկատեց Դարվինը։ Նա տեսավ, որ Անգլիայի արդյունաբերական կենտրոններում կեչու ծառերի բները սպիտակից դառնում են մուգ դարչնագույն։ Մուգ թիթեռներն այս պայմաններում պակաս նկատելի են դառնում, քան բաց գունավորում ունեցող թիթեռները, և բնական ընտրությունը պահպանում է նրանց։

Այս ընտրությունը կատարող գործոնը մեծ մասամբ թիթեռներով սնվող թռչուններն են։ Դարվինը նշում էր, որ կեչու երկրաչափի մուգ տեսակը Մանչեստր քաղաքի շրջակայքում մոտավորապես 20 տարվա ընթացքում վանել էր բաց գունավորում ունեցող տեսակին։ Այսպիսով՝ բնական ընտրության շարժական ձևը հիմնավոր դեր է կատարում էվոլյուցիայում հարմարանքների զարգացման գործում։ Այսպես է ընթացել նաև ձիու էվոլյուցիան՝ հնգամատ վերջույթից մինչև միամատը, ինչպես նաև կղզիներում ապրող միջատների անթև ձևերի առաջացումը և այլն։

Կայունացնող ընտրություն

Շարժական բնական ընտրության հետ մեկտեղ բնության մեջ լայնորեն տարածված է ընտրության մեկ այլ ձև՝ կայունացնող ընտրությունը։ Ընտրության այս ձևը բացահայտել է ռուս գիտնական Ի․Ի․ Շմալհաուզենը։

Կայունացնող ընտրությունը գործում է միջավայրի համեմատաբար հաստատուն պայմանների դեպքում․ այն պահպանում է տեսակը փոփոխություններից՝ ամրապնդելով ձեռք բերած օգտակար հատկանիշները։

Բերենք կայունացնող ընտրության օրինակ։

Բույսերի ծաղիկների մասերը խիստ հարմարված են փոշոտող միջատների չափսերին։ Փոփոխությունները այս դեպքում բացասաբար կանդրադառնային և՛ փոշոտման ընթացքի, և՛ փոշոտիչների կենսունակության վրա։ Այսպիսով՝ ընտրության կայունացնող ձևը նպաստում է ծաղիկների մասերի և միջատների հատկանիշի ամրապնդմանը։ Կայունացնող ընտրությունը հանգում է պոպուլյացիայի առանձնյակների ֆենոտիպային միատարրությանը, և տպավորություն է ստեղծում, որ տեսակը չի փոփոխվում։ Սակայն իրականում պոպուլյացիայի գենոֆոնդն անընդհատ փոփոխվում է, և ամրապնդվում են այդ մուտացիաները, որոնք ուղղված են հատկանիշների ռեակցիայի նորմայի նեղացմանը։ Կայունացնող ընտրության շնորհիվ են մեզ հասել կենդանական աշխարհի կենդանի բրածոները, օրինակ, վրձնալողակ ձուկը՝ լաթիմերիան, սողուններից՝ հատերիան և այլն։