Рубрика: Կենսաբանություն

Դարվինի էվոլյուցիոն տեսություն

Դարվինի էվոլյուցիոն տեսություն.

1831-1836թթ. <<Բիգլ>> նավով մեկնելով շուրջերկրյա ճանապարհորդության՝ Դարվինն ուսումնասիրեց այցելած երկրների կենդանական և բուսական աշխարհը: Հիմնվելով կենդանական աշխարհի համեմատական ուսումնասիրության վրա՝ նա կարծիք հայտնեց այն մասին, որ Հարավային և Հյուսիսային Ամերիկաները երկար ժամանակ եղել են իրարից մեկուսացած: Կենդանիների էվոլյուցիայի վերաբերյալ Դարվինը հետաքրքիր եզրակացություններ արեց Գալապագոսյան կղզիներ այցելեու ընթացքում, որտեղ նա մանրակրկիտ ուսումնասիրեց ցամաքային կրիաների, մողեսների, թռչունների այնպիսի տեսակներ, որոնք ոչ մի տեղ չէին հանդիպում, բայց մոտ էին հարավամերիկյան տեսակներին: Դարվինը ենթադրեց, որ այդ տեսակները թափանցել են Գալապագոսյան կղզիներ ամերիկյան մայրցամաքից, բայց հետագայում ենթարկվել են փոփոխության: Դարվինը նկատեց, որ այդ կղզիներից յուրաքանչյուրում հանդիպում են տարբեր տեսակի սերինոսներ, որոնք իրարից խիստ տարբերվում են սնման բնույթով, կտուցի ձևով:

Ճանապարհորդության ընթացքում կատարած դիտարկումները Դարվինին կասկած հարուցեցին տեսակների անփոփոխելիության և Արարչի կողմից դրանց որոշակի տեղում ստեղծված լինելու մասին, ստիպեցին նրան մտածելու տեսակների նմանության և տարբերության պատճառների, դրանց փոփոխականության, մեկից մյուսի առաջացման մասին: Համեմատելով ժամանակակից կենդանիներին բրածո կենդանիների մնացորդների հետ՝ Դարվինը ենթադրեց դրանց ազգակցական կապի գոյությունը: Աստիճանաբար նա հանգեց եզրակացության՝ տեսակի փոփոխականության և որոշակի տեսակից այլ տեսակների առաջացման վերաբերյալ: Շուրջերկրյա երկարատև ճանապարհորդությունից վերադառնալով Անգլիա՝ Դարվինն արդեն համոզված էր, որ տեսակների փոփոխելիության առաջին և հիմնական պատճառներից են ապրելատեղի պայմանները. դրանց ազդեցությամբ օրգանիզմներում կուտակվում են օգտակար հատկանիշներ, որոնք նպաստում են նոր տեսակների առաջացմանը:

Էվոլյուցիայի շարժիչ ուժերը.

Գոյության կռիվը ժառանգական փոփոխականության հիման վրա կատարվող բնական ընտրությունը, ըստ Դարվինի, օրգանական աշխարհի էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժերն են: Դարվինը գտնում էր, որ բոլոր օրգանիզմներն օժտված են փոփոխվելու հատկությամբ: Նա տարբերում էր փոփոխականության երկու հիմնական ձևերը՝ որոշակի կամ խմբակային՝ ոչ ժառանգական կամ անորոշ կամ անհատական՝ ժառանգական: