Ակսել Բակունցի <<Ալպիական մանուշակ>> գեղեցիկ ստեղծագործությունը ամեն ոք ընկալում և հասկանում է յուրովի՝ ինչպես ստեղծագործության հերոսները։ Ըստ իս ստեղծագործությունը կյանքի մասին էր, մարդկանց աշխարհայացքների ու մտածելակերպի։ Ստեղծագործության մեջ ներկայացված է, թե ինչպես են մտածում տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդիկ։ Նրանցից մեկը հնագետ էր, ով չէր տեսնում բնությունը, ծաղիկները, հայացքները։ Նա միայն տեսնում էր քարեր, ժայռեր, պատմական ամեն բան։ Իսկ նկարիչը ընդհակառակը։ Նա տեսնում էր ամեն ծաղիկ, նկարում, իր տեսածը հանձնում թղթին։ Նկատում էր հետաքրքիր արտաքինով մարդկանց, նրանց նույնպես նկարում էր։ Հեղինակը աղքատ կնոջը համեմատում էր Ալպիական մանուշակի հետ։ Երկուսն էլ անչափ գեղեցիկ էին, բայց թաքնված էին հեռուներում, ապրում էին սարերում։ Ստեղծագործությունը անչափ գեղեցիկ է, պատկերավոր։ Այն ներկայացնում է կյանքը, այն կյանքը, որը ապրում են մարդիկ, հնագետները, նկարիչները և աշխարհից կտրված, հեռուներում ապրող մարդիկ…
Մեջբերումներ գրքից.
Ահա, թե ինչպես են տեսնում աշխարհը ստեղծագործության հերոսները.
Բերդի քարերի մոտ բուսել էր ալպիական մանուշակ, ծաղիկը՝ ծիրանի գույն։ Հնագետը չէր տեսնում ո՛չ մանուշակ, ո՛չ խոտ։ Նրա կոշիկները կրնկակոխ էին անում խոտ ու ծաղիկ։
Աշխարհը նրա համար ընդարձակ թանգարան էր, ուր չկար ոչինչ կենդանի և ոչ մի բզեզ։ Նա պոկոտում էր քարերին փաթաթված բաղեղը, փայտի ծայրով արմատախիլ անում քարի ճեղքում բուսած մանուշակը, ձեռքով քարը շոյում և սրբում գրերի հողը։
Ֆետրե գլխարկով մարդը երբ նկարեց այն ամենը, ինչ հարկավոր էր հնագետին, տետրի նոր էջի վրա նկարեց և պարսպի մի մասը, ատամնաձև քարերի արանքում, քարե արծվի բույնը, պարսպի ոտների տակ՝ ալպիական մանուշակներ։
Ստեղծագործությունում այնքա՜ն գեղեցիկ է նկարագրված ամեն բան։ Որ կարծես այնտեղ լինես, զգաս, ապրես…
Լռություն կա Կաքավաբերդի ավերակներում։ Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը և հղկում հունի կապույտ որձաքարը։ Իր նեղ հունի մեջ գալարվում է Բասուտա գետը, ասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռներ և կրծում քարե շղթաները…