1. Ե՞րբ են սկսվել Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմները։
Երկրորդ համաշխարհային պատերազմ՝ 1939-1945թթ․
Հայրենական մեծ պատերազմ՝ 1941-1945թթ․
2. Պատերազմական ժամանակի պահանջներին համապատասխան՝ ի՞նչ փոփոխություններ կատարվեցին խորհրդային Հայաստանի տնտեսության մեջ։
Խորհրդային Հայաստանի տնտեսությունը վերակառուցվեց պատերազմի պահանջներին համապատասխան: 1942 թվականի հոկտեմբերից, Երևանի էվակուացված գործարաններից մեկում ինքնաթիռներ էին նորոքում և ինքնաթիռի տարբեր մասեր էին արտադրում։ Պատերազմի վերջում, գործարանը սկսեց մեկ այլ ՝ թեթև ինքնաթիռների սերիական արտադրությունը, որոնք տեղում փորձարկվում և ուղարկվում էին ռազմաճակատ: Պատերազմի տարիներին Հայաստանը մատակարարում էր կաուչուկ, պղինձ և կարբիդ։
3. Աշխարհի տարբեր երկրներից և ՀԽՍՀ-ից որքա՞ն հայեր են մասնակցել պատերազմին։
Ընդհանուր առմամբ տարբեր երկրներից պատերազմին մասնակցեցին մոտ 600 հազար հայեր, որոնցից 200 հազարը զոհվեցին։ Միայն ՀԽՍՀ-ից պատերազմին մասնակցել է մոտ 300 հազար հայ, զոհվել են ավելի քան 100 հազարը։
4. Թվարկեք նշանավոր հայ պարտիզաններին։
Պատերազմում տարած հաղթանակում իրենց արժանի տեղն ունեցան նաև հայ պարտիզանները։ Ուկրայինայում և Բելոռուսիայում մարտնչել են ավելի քան 2000, Ղրիմում և Հյուսիսային Կովկասում՝ 500, Մերձբալթիկայում, Լենինգրադի և Կալինինի մարզերում՝ 200 հայ պարտիզաններ։ Հայերից էին գերազանցապես բաղկացած «Հաղթանակ», «Կարմիր աստղ», Ա․ Միկոյանի անվան պարտիզական ջոկատները, որոնց շարքերում կային 400 հայ պարտիզաններ։
Իրենց խիզախությամբ աչքի են ընկել հայ պարտիզաններ Արամայիս Հովսեփյանը, Սերգեյ Հարությունյանը, Մկրտիչ Խոշտոյանը, «Երիտասարդ գվարդիա» կազմակերպության անդամ Գերորգի Հարությունյանը և ուրիշներ:
5. Սփյուռքահայ և հայաստանցի ի՞նչ նշանավոր հերոսներ և զորահրամանատարներ գիտեք․ պատմեք նրանց մասին։
Սփյուռքահայ նշանավոր հերսոներից էին Միսաք Մանուշյանը, Լուիզա և Արփիար Ասլանյանները։
Միսաք Մանուշյան

Միսաք Մանուշյանն իր կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ մասնակցել է Ֆրանսիական դիմադրության շարժմանն ընդդեմ ֆաշիստական նվաճողների. նա եղել է «Ներգաղթյալների աշխատավորական ուժ» մարտական խմբավորման հայկական բաժնի ակտիվիստ:
Փարիզում Միսաք Մանուշյանը իր շուրջն է հավաքել հայ մտավորականներին (որոնց հետ նախկինում համագործակցել էր «Զանգու» ամսագրում)՝ նպատակ ունենալով կազմակերպել միջազգային ջոկատ Ֆրանսիական դիմադրության շարժմանը մասնակցելու և հակաֆաշիստական պրոպագանդա ծավալելու համար: 1941 թվականի հունիսի 22-ին՝ Խորհրդային Միության վրա գերմանացիների հարձակման օրը, գեստապոն ձերբակալել է Միսաք Մանուշյանին և նրա խմբավորման անդամերին: Մանուշյանն ուղարկվել է Կոմպիեն համակենտրոնացման ճամբար, որտեղ շարունակել է պայքարն ընդդեմ ֆաշիզմի՝ իր նոր ծանոթի՝ ֆրանսիացի մի բժշկի հետ կազմակերպելով ընդհատակյա կազմակերպություն:
Փախնելով ճամբարից՝ Միսաք Մանուշյանը 1943 թվականի մարտին միացել է «Ստալինգրադ» ջոկատին (կոչվել է ի պատիվ Ստալինգրադի ճակատամարտի), որ ենթարկվում էր «Ազատ հրաձիգներ և ֆրանսիացի պարտիզաններ» կառույցին: Մանուշյանի առաջին զինված ակցիան, որ անցկացվել է Լևալուա Պերեում մարտի 17-ին, ավարտվել է անհաջողությամբ: 1943 թվականի օգոստոսին՝ Բորիս Գոլբանի պաշտոնազրկումից հետո (որի ջանքերի շնորհիվ միավորվել են էթնիկապես մեկուսացած խմբերը), Մանուշյանը ղեկավարել է երեք ջոկատ, որոնցում ընդգրկված էին ընդհանուր առմամբ շուրջ 50 մարտիկներ: Փարիզի շրջանում գործող բոլոր պարտիզանների ղեկավարությունն ստանձնել էր հրեական ծագմամբ լեհ կոմունիստ Յոզեֆ Էպշտեյնը (գնդապետ Ժիլ), որ եղել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի վետերան:
1943 թվականի օգոստոսից Մանուշյանի ղեկավարած խումբը կատարել է մոտ 30 հաջող հարձակումներ գերմանական նվաճողների վրա, այդ թվում նաև լիկվիդացրել են Փարիզի պարեկ, մասսայական գնդակահարություններով «աչքի ընկած» գեներալ ֆոն Շամբուրգի և ՍՍ շտանդարտենֆյուրեր Յուլիուս Ռիտերին, որ պատասխանատու էր 600 000 քաղաքացիական անձանց Գերմանիա հարկադիր աշխատանքի ուղարկելու համար:
Մանուշյանն ու նրա ընկերներից շատերը ձերբակալվել են 1943 թվականի նոյեմբերին և 1944 թվականի փետրվարի 21-ին մահապատժի ենթարկվել նացիստների կողմից: Նա ճանաչվել է Ֆրանսիական դիմադրության շարժման հերոս:
Արփիար և Լուիզա Ասլանյաններ

1940 թվականին իր հարսնացուի հետ միասին Արփիար Ասլանյանը համալրել է Ֆրանսիական դիմադրության շարքերը: Ասլանյանները ձեռնարկել են ընդհատակյա արտադրություն և ֆրանսիական պարտիզաններին մատակարարել են զենք: Արփիարը ծանոթ է եղել այլ դիմադրության հայ մասնակիցների հետ, ինչպիսիք էին Միսաք Մանուկյանը, Մելինե Մանուկյանը, Արպեն Դավթյանը, Հայկ Դպիրյանը, Շագ Տատուրյանը և այլոք:

1944 թվականի հուլիսի 26-ին Ասլանյանները ձերբակալվել են Գեստապոյի գործակալների կողմից, իսկ Լուիզայի օրագրերը և ձեռագրերը, այդ թվում նաև՝ «Histoire de la Resistance»-ը («Դիմադրության պատմություն») և «La Chute de Paris»-ը («Փարիզի անկումը»), այրվել են նացիստների կողմից: Նույն թվականի օգոստոսի 15-ին նրանց Թուլուզից տեղափոխել են Բուխենվալդ, ինչից հետո Արփիարին բանտարկել են «Դորա Միթելբաու» համակենտրոնացման ճամբարում` բաժանելով նրան կնոջից: Լուիզային տեղափոխել են Ռավենսբրյուկ:
1945 թվականի հունվարի 30-ին անհայտ պատճառով մահացել է Լուիզան: Փետրվարի 15-ին Արփիարը համակենտրոնացման ճամբարում մահապատժի է ենթարկվել:
6. Որքա՞ն հայ և հայաստանցի է արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչում։
Պատերազմի ժամանակ գործած մարտական սխրանքների և անձնուրացության, զորքերի բարձրարդյունավետ կառավարման համար ԽՍՀՄ հերոսի կոչում է շնորհվել 108 հայի և Հայաստանում ծնված կամ ապրած 11 այլազգիների, ընդամենը՝ 119 հայաստանցու։
7. Հայ ժողովուրդը ինչ ներդրում ունեցավ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։
Հայ ռազմիկները կռվեցին ամենուր՝ բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակներում։ Անվիճելի է ԽՍՀՄ ժողովուրդների դերը ֆաշիզմի ջախջախման գործում: Հայ ռազմիկները կռվեցին պատերազմի առաջին իսկ օրվանից՝ Բրեստից մինչև Բեռլին։ Ավելի վաղ՝ 1939-1940թթ․ հայ զինվորները մասնակցել են նաև խորհրդա-ֆիննական պատերազմին։ Նրանցից 4-ն արժանացել են ԽՍՀՄ հերոսի կոչման։
8. Հայրենական մեծ պատրեազմի հերոսներից մեկի մասին գրեք տեղեկատվական նյութ։

Հովհաննես Բաղրամյանը ծնվել է հայ երկաթուղային բանվորի ընտանիքում Ռուսական Կայսրության Ելիզավետպոլի նահանգի Չարդախլու գյուղում։
1915 թվականին Հովհաննես Բաղրամյանը կամավոր ընդգրկվեց Ռուսաստանի բանակում՝ 2-րդ Կովկասյան սահմանային գնդում՝ Ռուսաստանի էքսպեդիցիոն կորպուսի կազմում, և Առաջին համաշխարհային պատերազմի մեծ մասը կռվեց Կովկասյան ճակատում՝ Օսմանյան Կայսրության դեմ։
Հայկական բանակի կազմում մասնակցել է 1918 թվականի Սարիղամիշի և Կարսի տարածքում թուրքերի դեմ կռիվներին, ինչպես նաև Սարդարապատի հերոսամարտին, որպես դասակի հրամանատար:
1925 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի (Լենինգրադի) հեծելազորային դպրոցը, 1934 թվականին՝ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Այդ ընթացքում ծառայել է Հայաստանում տեղակայված խորհրդային զորքերում, Էջմիածինում, Երևանում, Գյումրիում:
1934-1936 թվականներին ծառայել է՝ որպես Կարմիր բանակի 5-րդ հեծյալ դիվիզիայի շտաբի պետ, 1938 թվականից ավագ դասախոս է եղել ԽՍՀՄ ԶՈւ-ի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։ Այդ ընթացքում նաև կարճ ժամանկաով բռնադատվել է: Զորքերում հրամանատարական ծառայության է վերադարձել 1940 թվականին՝ դառնալով Կիևի հատուկ ռազմական օկրուգի օպերատիվ բաժնի պետ։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
Նացիստական Գերմանիայի ԽՍՀՄ ներխուժելուց հետո 1941 թվականի հունիսին նշանակվում է շտաբի պետի տեղակալ Հարավ-արևմտյան ռազմաճակատում, որի շտաբը Կիևում էր։ Մասնակցել է մեծ տանկային ճակատամարտերին Ուկրաինայի արևմուտքում, Կիևի պաշտպանության ճակատամարտին, որի հրամանատարն է եղել գեներալ Միխայիլ Կիրպոնոսը։ Վերջինս զոհվեց և ամբողջ զորքը գերի ընկավ գերմանացիներին։ Բաղրամյանը այն քիչ սպաներից էր, ով կարողացավ խուսափել գերմանական գերությունից։ Ապա Բաղրամյանը նշանակվեց մարշալ Սեմեոն Տիմոշենկոյի շտաբի պետ և մարտնչեց Ռոստովի մոտ, ինչպես նաև մասնակցեց հաջողակ Խարկովյան հակահարձակմանը 1942 թվականին։ Այս ժամանակ Բաղրամյանը անհաջող խոշոր հակահարձակման համար խնդիրներ ունեցավ, սակայն շուտով դրանք հարթվեցին և նրան նշանակեցին Ռոկոսովսկու նախկին` 16-րդ բանակի հրամանատար, որը արդեն կոչվում էր 11-րդ գվարդիական բանակ: Հենց այս բանակի հրամանատարի պաշտոնում նա վարեց մի քանի բացառիկ հաջողված ռազմագործողություններ, այդ թվում նաև Օրեոլի մոտ «Կուտուզով» օպերացիան։ 1943 թվականի նոյեմբերին Բաղրամյանը գեներալ-գնդապետի կոչումով նշանակվեց 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար և մասնակցեց 1944 թվականի խորհրդային մեծ հարձակմանը Բելառուսում և Լիտվայում՝ («Բագրատիոն» օպերացիա)։ Նրա բանակները ճեղքեցին-հասան Բալթիկ ծով և շրջապատեցին 30 գերմանական դիվիզիաների Լատվիայում։ Այս ռազմական սխրագործության համար Բաղրամյանն արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման։
1945 թվականի սկզբին նրա բանակը մասնակցեց Արևելյան Պրուսիայի գրավմանը։ Բաղրամյանն էր ղեկավարում Քեոնիգսբերգի (այժմ՝ Կալինինգրադ) գրավման օպերացիան. 1945 թվականի ապրիլին և 1945 թվականի վերջին ստիպեց Մերձբալթիկայում շրջափակված գերմանական հզոր զորախմբավորմանը հանձնվել։
Մարշալ Բաղրամյանը և Զորավար Անդրանիկը
1968 թվականին մարշալ Բաղրամյանը հանդիպեց ԵՊՀ-ի ուսանողների հետ։ Զրույցի ժամանակ նրան հարցրեցին՝ արդյոք երբևիցե հանդիպել է Զորավար Անդրանիկին: Բաղրամյանը պատմեց, որ 1918 թվականին նրա ջոկատը կանգ էր առել Սարիղամիշի Խորասան գյուղի մոտ։ Նույն գյուղի մոտ էր Էրզրումից եկած Զորավար Անդրանիկը՝ 15000 գաղթականներով։ Առավոտյան նա իր մոտ կանչեց Բաղրամյանին և ապտակ հասցրեց. «Կոռնետ Վանո, քո այս երեսուն զինվորներն իմ հույսն են, բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել։ Սա մեր հայրենիքն է, ինչ կարևոր է, թե ովքեր են ղեկավարում», — ասաց նա Բաղրամյանին։ Ուսանողներին նա պատմեց, որ այդ թվերին շատ էին խոսակցություններ, թե «թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերիք է՝ մենք ինչքան կռվեցինք»։ Այդ ապտակը սթափեցրեց Բաղրամյանին։ Նրա խոսքերով, հենց այդ ապտակն էր պատճառը, որ ինքը հետագայում մարշալ դարձավ։